ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հետ է կանգնել իր խոսքից ու գաղտագողի ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանից:Ինչպես հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը, նախին նախարարը դա արել է ոչ թե Facebook-ում, «Ազգ» շաբաթաթերթում 2020 թվականի հոկտեմբերի 26-ին:
Պարզվում է` արցախյան պատերազմի ամենաթեժ օրերին թերթում լույս է տեսել «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ» թեմայով հոդված, որտեղ Թորոսյանը գրել է. «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:
Հիշեցնենք՝ 2018թ-ի հուլիսի 27-ի ուղիղ եթերի ընթացքում նախկին նախարար Արսեն Թորոսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին մեղադրել էր հարյուրավոր միլիոններ հափշտակելու ու օրինական ատկատ իրականացնելու համար:
«Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա: Վիշապը պետք է գլխատվի»,- ասել էր Թորոսյանը:
2020 թվականի մարտի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու պարտավորեցրել Թորոսյանին ներողություն խնդրել և Facebook–ի իր էջի ուղիղ եթերում «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ» վերնագրով հերքում տարածել:
Բայց Թորոսյանը 2020 թվականի մարտի 17-ին ասել էր, որ չի պատրաստվում հերքել կամ ներողություն խնդրել և իր ֆեյսբուքյան էջում կհրապարակի միայն դատարանի որոշումը:
Բայց 7 ամիս անց, այնուամենայնիվ, կատարել է դատարանի որոշումը, բայց ոչ թե Facebook-ում, այլ «Ազգ» թերթում: