Արման Թաթոյանը հայկական եկեղեցու պղծման փաստերը կներկայացի միջազգային կառույցներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է համացանցում հրապարակված տեսանյութին, որում ադրբեջանցիները հերթական հայկական եկեղեցին են պղծում ու պարզենում իրենց արարքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Մատաղիսի Սուրբ Եղիշե Առաքյալ եկեղեցու սրբապղծության դեպքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային մարմիններին` նշելով, որ սա հերթական ապացույցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:

«Ակնհայտ է, որ սա թե՛ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում` խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի մասին է, այլ սա Ադրբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում»,- Facebook-ում գրել է Թաթոյանը:

Հիշեցնենք՝ համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային եղեռնի հերթական փաստն ապացուցող հերթական տեսանյութը: Sputnik Արմենիան պարզել էր, որ դա Մատաղիսի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող 1892-1898 թվականների Սուրբ Եղիշե եկեղեցին է:

Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով հայկական եկեղեցու ավերման մասին բացահայտող տեսանյութին, հայտարարեց, թե մատուռն ապօրինի կառուցվել 1993-ից հետո, ուստի չի կարող Ջաբրայիլի մշակույթի պատմության մաս համարվել:

Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը եկեղեցու «անհետացման» մասին պատմող ռեպորտաժի հեռարձակումից մի քանի ժամ անց Twitter- ում գրեց. «Հայաստանը, ադրբեջանցի ժողովրդի ժառանգության և սեփականության հանդեպ թույլ տված անասելի վանդալիզմից հետո Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունի»։

Եկեղեցիներն ավերելու փաստերը կդառնան քննության առարկա. դատախազություն

Ավելի վաղ Ադրբեջանն ավերել էր նաև Շուշի քաղաքի` ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), որի վերաբերյալ, թեևս, որևէ արդարացում չգտնելով, որոշել էր լռություն պահպանել:

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում միջազգային հանրությունը, նախևառաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և համանախագահ երկրներին, ՅՈւՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել անհապաղ միջամտել ու կանխել հայկական պատմամշակութային ժառանգության վերացումը:

ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը մարտի 25-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը ԻՍԻՍ-ի «ձեռագրով» գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը` 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։