ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողներին հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստան մատակարարելու հարցը մոտենում է գործնական իրականացման փուլին։
«Ես հուսով եմ, որ մատակարարումը կիրականացվի բավականին կարճ ժամանակում։ Ամեն դեպքում մենք մեր կողմից ամեն կերպ նպաստում ենք դրան»,– ասաց դեսպանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում պատվաստանյութի համատեղ արտադրության կազմակերպման հեռանկարին, ապա դիվանագետը կոնկրետ տեղեկություններ չունի այդ մասին: Սակայն նրա խոսքով` առողջապահության նախարարության և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի միջև սերտ երկխոսություն է ընթանում։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր` մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», «AstraZeneca» և «Pfizer» պատվաստանյութերի կիրառմանը։
Ինչ վերաբերում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին, ապա այն արդեն սերիական արտադրության է հանվել։