Փաշինյանը որոշել է, թե ով պիտի ղեկավարի ավելի քան կես տարի առանց նախագահի մնացած կառույցը

Բարձրագույն որակավորման կոմիտեի նոր նախագահը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ է նշանակվել Կարեն Քեռյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,– գրված է որոշման մեջ։

Կարեն Քեռյանը 2001-2007 թթ.–ին սովորել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում, 2007-2009թթ.–ին` ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում։

Փաշինյանը որոշել է, թե ով պիտի ղեկավարի ավելի քան կես տարի առանց նախագահի մնացած կառույցը

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է։ Թեկնածուական թեզը` «Ֆրանկլինի ընդհանուր պարբերական համակարգի բազիսության հարցեր»։ ԵՊՀ կայքում հրապարակված տեղեկության համաձայն` 2013թ.-ից առ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի ասիստենտ է, 2009թ.-ից առ այսօր` ԵՊՀ Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի ասիստենտ, 2008–2009թթ–ին` ԵՊՀ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի դասախոս։

Հիշեցնենք` ԲՈԿ–ի նախկին նախագահը Սմբատ Գոգյանն էր, որ նշանակվել էր 2018–ի հունիսի 12-ին, իսկ 2020–ի մայիսի 14-ին` աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել, բայց վարչապետը նրա ազատման հրամանն այդպես էլ չէր ստորագրում։ Որպես պաշտոնից հեռանալու դրդապատճառ Գոգյանը նշել էր, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Անցած տարվա սեպտեմբերի 24-ին Փաշինյանը վերջապես ստորագրեց Գոգյանին աշխատանքից ազատելու որոշումը, բայց կառույցը նոր նախագահ ունի երեկվանից, քանի որ Փաշինյանը որոշումը ստորագրել է մարտի 25-ին։