Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումը ԲԴԽ-ն ուղարկել է դատախազություն

Հրատապ կազմակերպված քննարկմանը հրավիրվել է նաև Բարձրագույն դատական խորհդրին դիմած դատավոր Մհեր Պետրոսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը դատախազություն է ուղարկել ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումի պատճենը։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Երեկ ուշ երեկոյան «Ժողովուրդը» գրել էր, որ դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

«Մարտի 25-ին ԲԴԽ-ն ստացել է Մհեր Պետրոսյանից դիմում, որի կապակցությամբ խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում: Քննարկմանը հրավիրվել և լսվել է դատավոր Մհեր Պետրոսյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քննարկումից հետո էլ ԲԴԽ–ն որոշել է ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկել Մհեր Պետրոսյանի դիմումի պատճենը՝ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները մարտի 17-ին այցելել էին դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։

Դատավորը մերժել էր նրանց ընդունել ու այցի մասին անմիջապես տեղյակ էր պահել ԲԴԽ-ին։

Դատախազությունն Օնիկ Գասպարյանի դիմումն ուղարկել է ՀՔԾ