ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այսօր համագործակցության հուշագիր կնքեցին։ Ստորագրման արարողությունը կայացավ բուհի շենքում։ Փաստաթղթի համաձայն՝ համալսարանում կրկին կիրականացվի «Երկաթուղու կառուցում, ճանապարհ և ճանապարհային տնտեսություն» կրթական նախագիծը։ Նախագիծը մասնագետներ է պատրաստելու ՀԿԵ-ի համար։
Նախատեսվում է նաև գիտահետազոտական ծրագրեր ու կադրերի վերապատրաստման աշխատանքներ իրականացնել։
Արարողությանը ներկա էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և այլ պաշտոնատար այրեր։ Բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանն իր ելույթում նշեց, որ համագործակցությունը համալսարանի գործունեության մեջ կարևոր փուլ կդառնա։
Մելնիկովն իր հերթին հայտարարեց, որ ընկերությունում այսօր արդեն աշխատում են բուհի շրջանավարտներ, որոնցից շատերը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում և իրենց դրսևորել են որպես գրագետ ու առաջնակարգ մասնագետներ։
Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը հայտարարեց, որ ռուսական կապիտալով ընկերությունները ռազմավարական կարևոր նշանակություն ունեն, կարևոր ներդրում են ունենում Հայաստանի սոցիալ–տնտեսական զարգացման և երկկողմ հարաբերությունների մեջ։
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Ճանապարհորդելն ավելի հարմարավետ կդառնա. ՀԿԵ–ն 27 նոր վագոն ու 2 նոր գնացք է շահագործելու