ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Արցախի Հանրապետության ոստիկանությանը ներկայացրել է դեպքի մանրամասները։
«Երեկ` ժամը 13:30-ի սահմանում, ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է Լենտրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ոստիկանության` միջադեպից հետո Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից:
Բաբայանն ասել է, որ ադրբեջանցի սպան, որը ռուսերեն լավ չէր հաղորդակցվում, լուսանկարել է մեքենան, խոստացել, որ անպայման կզեկուցի իրենց վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի:
Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար տուժողը հարցաքննվել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: Մեքենայի լուսանկարները, ինչպես նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն արդեն փոխանցել է գեներալ Ռուստամ Մուրադովին:
Ադրբեջանական քարոզչամեքենայի հնարքները, կամ ինչպես են սեպ խրում հայերի ու ռուսների միջև
Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է: Ըստ ռուսական կողմի` խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը:
Ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին