ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կտրականապես դեմ է արտահերթ ընտրություններին։ Նա այդ մասին հայտարարեց հայաստանյան վեց հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։
Մանուկյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն լուծելու իշխանափոխության հարցը։
«Կարծում եմ, որ նախ Հայաստանը պատրաստ չէ դրան, բացի այդ, ընտրությունները խորացնելու են ճգնաժամը, ոչ թե այն լուծելու են։ Մենք ուրիշ երկրների առջև խայտառակ կլինենք, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանելուց հետո ընտրություններն է ղեկավարելու։ Ավելի լավ է` նա մի քիչ էլ երկար մնա, մենք ուժ հավաքենք և նրան գցենք տեղից, քան ղեկավարի ընտրությունները։ Էլ չեմ ասում, որ նա ընտրություններին ինչ–որ տոկոս կհավաքի»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` եթե Փաշինյանը նորից դառնա վարչապետ, ինչը չի բացառվում, ապա դրանից հետո ողջ աշխարհն է մեզ վրա ծիծաղելու։ Հենց այդ իսկ պատճառով էլ, ըստ Մանուկյանի, միակ ծրագիրը Հայրենիքի փրկության շարժման առաջարկածն էր` 1 տարով ժամանակավոր վարչապետ նշանակվի, որից հետո նոր միայն ընտրություն անցկացվի։ Մանուկյանը նշեց, որ եթե դուր չի գալիս, որ ժամանակավոր թեկնածուն ինքն է լինելու, ապա կարող են և թեկնածուին փոխել։
Հարցին, թե չի՞ կարծում, որ ժողովուրդը հիասթափված է ընդդիմությունից, քանի որ սպասում էր ռադիկալ քայլերի, Մանուկյանը պատասխանեց, որ ինքն էլ է հիասթափված իրենից էլ, ընդդիմությունից էլ, քանի որ կարծում է` կարելի էր շատ ավելի արդյունավետ աշխատել։
Նա նշեց, որ իրենց առաջարկած ճանապարհը սա է` փողոցային պայքարի միջոցով հասնել իշխանափոխության, ժամանակավոր վարչապետի թեկնածու նշանակվի, օրենքների փոփոխություններ լինեն, գուցե սահմանադրական փոփոխություններ լինեն և Ընտրական օրենսգիրքը փոխվի, և նոր միայն ընտրություններ անցկացնեն։
Հակառակ դեպքում, նրա խոսքով, ընտրությունները քաոս են ստեղծելու և ողջ կրիմինալ աշխարհը մասնակցելու է դրան։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում սկսվեցին բողոքի ակցիաներ։ 17 կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծված Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է վարչապետի հրաժարական, ապա մեկ տարի Ազգային համաձայնության կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, նոր միայն խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում։
Մարտի 18-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։