ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախազգուշացնում է, որ եղանակային պայմաններից ելնելով` առաջիկա օրերին ծաղկած ծիրանի այգիներում պետք է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածվել նախարարության պաշտոնական էջում։
«Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» հրապարակած տեղեկատվության՝ մարտի 28-ի և 29-ի գիշերն Արմավիրի և Արարատի մարզերում կանխատեսվում է մինչև -4 C ջերմաստիճան։ Ուստի, նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում, ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, տեղումնառատ եղանակով պայմանավորված սնկային հիվանդությունների զարգացումը կանխելու նպատակով, նախարարությունը խորհուրդ է տալիս պարտադիր կերպով կազմակերպել բույսերի պաշտպանության միջոցառումներ։
Հիշեցնենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հայտնել էր, որ մարտի 28-ի և 29-ի գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան: Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ծիրանային պատերազմն» ու ՌԴ-ի հայերի միասնությունը. տրամադրություն բարձրացնող ֆոտոշարք