Արցախի նախագահի խոսնակը մեկնաբանել է ադրբեջանցիների ու հայերի միջև տեղի ունեցած միջադեպը

Լուսինե Ավանեսյանը եռակողմ հայտարարությունը ստորագրողների ուշադրությունը է հրավիրում է միջադեպի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Արցախի նախագահ մամուլի խոսնակը դատապարտում է ադրբեջանցիների կողմից հայ վարորդների մեքենաների վրա քարեր նետելու միջադեպը։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Երեկ` ժամը 13:30-ի սահմանում, ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է Լենտրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին։

«Նման միջադեպերն ուղղված են Արցախի Հանրապետության իրավակարգի, ինչպես նաև եռակողմ հայտարարության դեմ»,–ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ ուզում է եռակողմ հայտարարությունը ստորագրողների ուշադրությունը հրավիրել միջադեպի վրա, որպեսզի նման դեպքերի կրկնությունը բացառվի։

Ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին

Ավանեսյանը հայտնեց` Արցախի իրավապահները խաղաղապահների ներգրավվմամբ աշխատանքներ են տանում դեպքի առնչությամբ։ Այժմ նյութեր են նախապատրաստվում, որը ներքին գործերի նախարարը փոխանցի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հիշեցնենք, որ ըստ Արցախի ոստիկանության` միջադեպից հետո Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից:

Բաբայանն ասել է, որ ադրբեջանցի սպան, որը ռուսերեն լավ չի հաղորդակցվել, լուսանկարել է մեքենան, խոստացել, որ անպայման կզեկուցի իրենց վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի: