ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի դեմ հարուցված քրգործով ՀՀ վարչապետ Նիկոլի օգնական Աննա Վարդապետյանին առնչվող դեպքով ԱԱԾ–ում քրգործի հարուցումը մերժվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ–ից, բայց մանրամասներ չնշեցին։
Մարտի 10-ին մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որում երևում է, որ Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը։ Տեսանյութում կարելի է տեսնել, որ գործով քննիչ Արթուր Այվազյանն էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ է ստանում Վարդապետյանից, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։
Մարտի 17-ին Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանին հրավիրել էին ԱԱԾ` Աննա Վարդապետյանի գործով բացատրություն տալու։
Դրանից հետո Մակինյանը նշեց, որ վարչապետի օգնականի դեպքով Ռուսաստանի իրավապահներին կդիմի, եթե այստեղ գործին ընթացք չտրվի։
Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):
Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։
Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է։