ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը կազմել է -5,3%: Այս հրապարակմանն արձագանքել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-ում կատարած գրառմամբ:
«Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում»,- գրել է նախարարը:
Նա նաև իր գրառմամբ վերահաստատել է ամիսներ առաջ ներկայացրած իր նպատակը՝ 2020 թ-ին Հայաստանում երկնիշ տնտեսական աճ ապահովել։
Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակման` տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ-ի փետրվարին հունվարի համեմատ աճել է 12.4 տոկոսով, բայց 2020թ-ի հունվարի ցուցանիշից դեռ 5.3 տոկոսով ցածր է:
Այս տարվա փետրվարին ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ ամսում՝ 28.4 տոկոս, առևտրում՝ 19.7 տոկոս, արդյունաբերության ոլորտում՝ 15.3 տոկոս և արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում՝ 24.9 տոկոս:
Ընդ որում, արտահանումն աճել է 21.8, ներմուծումը՝ 26.9 տոկոսով: Բայց անցյալ տարվա փետրվարից արտահանումը հետ է մնում 2, ներմուծումը՝ 14,6 տոկոսով:
Բացի այդ, փետրվարին գրանցվել է սպառողական գների աճ 0.6 տոկոսով, անցյալ տարվա փետրվարի համեմատ՝ 5.3 տոկոսով: Իսկ աշխատավարձերը՝ հակառակը՝ նվազել են 0.2 տոկոսով:
ՀՀ տնտեսությունը պահում են հանքերն ու առողջապահությունը. 2020թ–ի տնտեսական ցուցանիշները
Եթե պետական համակարգում աշխատավարձերը գրեթե նույնությամբ պահպանվել են ու նույնիսկ 1.2 տոկոսով աճել, ապա մասնավոր ոլորտում դրանք նվազել են 3.3 տոկոսով:
Դոլարի փոխարժեքը հունվարի համեմատ բարձրացել է 2.34 դրամով:
Հիշեցնենք` 2020թ-ի սեպտեմբերին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների ՝ 2021 թվականին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ:
Իսկ ահա 2020-ի դեկտեմբերին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ–ում ասել էր, թե 2021-ին Հայաստանում տնտեսական աճը կանխատեսվում է 3.2 տոկոս:
2021 թ-ի մարտի 16-ին, արդեն, ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել էր կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը, նախապես կանխատեսված 2 տոկոսի փոխարեն սահմանելով 1.4 տոկոս կանխատեսվող ցուցանիշ: