Փաշինյանի ու Արցախի նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել

Կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է ՀՀ վարչապետի ու Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության տեսագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Այսօր հավաքվել ենք քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտում մեր օրակարգը, փոխգործակցության հարցերը, նաև այն ծրագրերի ընթացքը և հետագան, որոնք այսօր Արցախի կառավարության հետ համատեղ իրականացնում ենք: Ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «ճանապարհային քարտեզ»-ի կարևորագույն կետերից մեկն Արցախի բնականոն կյանքի վերականգնումն է: Պետք է արձանագրել, որ մենք այս պահին ունենք բավականին շոշափելի արդյունքներ, բայց իհարկե անելիքների ծավալը շատ մեծ է», – ասել է Փաշինյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազական ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կապակցությամբ:

Նա շեշտել է, որ Արցախի մոտ 30 հազար բնակիչներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, և նրանցից շատ քչերն են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը:

«Մեր գլխավոր խնդիրը բնակարանաշինությունն է այս փուլում, սոցիալական վճարների առումով համարում եմ, որ դեռ մի քանի ամիս խնդիրը լուծված է և որևէ արցախցի ընտանիք չի ունենալու հացի խնդիր, քանի որ նպաստները և միանվագ տրամադրված գումարները ժամանակավոր բավարարում են: Բայց բնակարանների կառուցման, տրամադրման խնդրի և աշխատատեղերի, եկամտի ապահովման առումով ունենք շատ անելիքներ: Ըստ մեր պլանների` պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում: Երկրորդ կարևոր խնդիրը վնասների փոխհատուցման հարցն է, մեր շատ հայրենակիցներ կրել են մեծ վնասներ, որոնց փոխհատուցման առումով ևս մենք պետք է միասին որոշում կայացնենք»,– ասել է Հարությունյանը:

Հիշեցնենք` Փաշինյանի ու Հարությունյանի գլխավորությամբ ԱԽ խորհրդակցություն էր տեղի ունեցել հունվարի 22-ին։