Միտումնավոր բնույթ է ունեցել. ԱԳՆ–ն դատապարտում է հայկական եկեղեցու ավերումը

ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Մեխակավան (Ջաբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող եկեղեցու ավերմանը և շեշտել` հայկական ժառանգության ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների հավաստիացումների սին լինելը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտում է Մեխակավան (Ջաբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը։ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը հրապարակվել է արտգործնախարարության կայքում։

Եկեղեցիներն ավերելու փաստերը կդառնան քննության առարկա. դատախազություն

«Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը»,– շեշտել է Նաղդալյանը։ 

Նրա խոսքով` առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից կատարված բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը:

«Վերջին պատերազմից հետո պաշտամունքի վայրի ոչնչացման այս դեպքն առանձին դրվագ չէ: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի` ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող «Կանաչ ժամ» եկեղեցու ավերումը փաստում է, որ ադրբեջանական կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմվում է միայն մեկ չափանիշի վրա, և այդ չափանիշը քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելությունն է: Ի հեճուկս աշխարհին որպես «հանդուրժողականության և բազմամշակութայնության կենտրոն» ներկայանալու ջանքերին՝ Ադրբեջանն առ այսօր ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ»,–նշել է Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտել է, որ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների՝ քրիստոնեական մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ հավաստիացումների սին լինելը:

Ադրբեջանցիներն ավերում են հայկական եկեղեցիները. ինչո՞վ են զբաղված աշխարհն ու Հայաստանը

Միջազգային հանրությունը պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված և մինչ օրս շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ մշակութային ցեղասպանության դադարեցման և դատապարտման ուղղությամբ:

Նշենք, որ Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, ամբողջությամբ ավերվել է արցախյան վերջին պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը