Միասնությունը դառնում է ուժ. Կապառոսն ու Մելիքբեկյանը հանդես են եկել ուղերձով. տեսանյութ

Չնայած նրան, ֆուտբոլիստների առաջ շատ բարդ խնդիր է դրված, բայց Կապառոսն ու ՀՖՖ նախագահը համոզված են, որ միասնաբար հնարավոր է հասնել նպատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ հանդես են եկել ուղերձով։

Էդուարդ Սպերցյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին. հայտնի է` երբ

«Մի քանի ժամ անց Հայաստանի ազգային հավաքականը իր մեկնարկը կվերցնի ԱԱ ընտրական փուլում։ Նման ստուգատեսները միշտ էլ կարևոր են, բայց այս դեպքում, մենք կարող ենք ասել, որ սա առանձնահատուկ մեկնարկ է մեզ համար, որովհետև սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է նախորդ մրցաշարում։ Սա, իհարկե պարտավորեցնող է։ Մենք հիշում ենք, որ հաղթանակը տրվել է մեծ ջանքերի գնով։ Կորոնավիրուսային համավարակի պայմաններում, պատերազմական ու հետպատերազմական շրջանում մեր տղաները կարողացան ապացուցել, որ ունակ են մեծ նվաճումների հասնել։ Սա հնարավոր է եղել մեր միասնականության շնորհիվ։ Այս դեպքում մենք նույնն ենք ակնկալում։ Մենք ունենք մարտունակ թիմ, որը յուրաքանչյուր խաղում պայքարելու է հաղթանակի համար։ Մենք միասնական ենք, ուրախ ենք, որ երկրպագուներն այս անգամ կկարողանան մարզադաշտից աջակցել մեր թիմին։ Անհամբեր սպասում ենք ընտրական փուլի մեկնարկին ու հաջողություն ենք մաղթում բոլորիս»,-ասել է Մելիքբեկյանը։

Խոակին Կապառոսն էլ շեշտել է, որ շատ մեծ հույսերով և խանդավառությամբ են ընդունում նոր մարտահրավերները:

«Խաղում ենք բոլորս՝ ֆուտբոլիստները, մարզիչները, ֆեդերացիան և ողջ երկիրը: Բոլորս ազգային հավաքական ենք, բոլորս մասնակցում ենք այս հանդիպմանը:Բոլորս պետք է մտածենք այն մասին, որ առավելագույնն անենք մեր երկրի և հավաքականի համար: Չնայած նրան, որ մեր առջև շատ բարդ խնդիր է դրված, բոլորս միասնաբար կարող ենք հասնել մեր նպատակին: Միասնությունը դառնում է ուժ»,- ասել է նա։

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականն ընդգրկվել է ընտրական J խմբում, մրցակիցները լինելու են Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի ընտրանիները։

«Բարի գալուստ, Բայդաչնի». «Արարատ Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի