ՌԱԴԻՈ

Լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները տեղին են. Գեղամ Մանուկյան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ–ի կողմից ընդունված օրենքին, որով եռապատկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը։ 
Sputnik
Լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները տեղին են. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ` մեծ թվով լրագրողական կազմակերպություններ արդեն իսկ հանդես են եկել հայտարարությամբ։ Նրանց բոլոր մտահոգությունները տեղին են, որովհետև տարիներ առաջ, երբ զրպարտությունը ապաքրեականացվեց, դա համարվեց ընդհանուր լրագրողական հանրության, քաղաքացիական հասարակության հաջողությունը, և որևէ մեկն այդ պահին չէր մտածի, որ «քաղաքացիական հասարակություն» ասվածի շատ անդամներ, որոնք այսօր հայտվել են ԱԺ–ում, լուռ, հնազանդ կքվեարկեն նման անիմաստ խստացնող օրենքի նախագծի օգտին։

Վիրավորանքին ու զրպարտությանն առնչվող նախագիծը դեմ է խոսքի ազատությանը. Մելիքյան

«Հատկանշական է նաև, որ այդ օրենքի փոփոխությունը նախաձեռնել էին և դրան աջակցում էին մարդիկ, պատգամավորներ, որոնցից շատ-շատերի օգնականները շուրջ երեք տարի զբաղված են նույն զրպարտությամբ, նույն վատաբանումով, ֆեյքային գրոհներով, ֆեյքերի բանակ պահելով, ուստի տեղին է հիշեցնել հայտնի ժողովրդական խոսքը, երբ գողն ասում է՝ բռնեք գողին»,– նշեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրենը։

Անդրադառնալով այն հարցին, թե վերոհիշյալ օրենքը կոնկրետ ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ լրատվամիջոցների աշխատանքի վրա, Մանուկյանը նշեց, որ շատ հաճախ քաղաքական գործիչների հայտարարությունները, սոցցանցային գրառումները դժվար կլինի օգտագործել, որովհետև լրագրողն ամեն անգամ կաշկանդվելու է ու կասկածի, որ դրան հաջորդելու է դատական գործը։

Մանուկյանի կարծիքով` երկրորդ հանգամանքը նյութական հսկայական բեռն է, որ կուտակվելու է լրատվամիջոցների վրա և երրորդ` դատական գործերի թիվն է աճելու։ 

Վիրավորանքի համար` 3, զրպարտության համար՝ 6 մլն. Ալեն Սիմոնյանը վերանայել է իր նախագիծը

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն՝ մինչև 6 միլիոն դրամ։