ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է պարզել, թե ինչով են զբաղվում օրվա ընթացքում ՀՀ տարբեր մարզերում բնակվող կանայք ու տղամարդիկ: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման, միաձայն:
Որոշման համաձայն` ուսումնասիրությունն իրականացնելու է ՀՀ Վիճակագրական կոմիտեն՝ ՄԱԿ-ի «ՄԱԿ Կանայք» կազմակերպության հետ 2021թ.-ի հունվարի 29–ին կնքված համաձայնագրի շրջանակներում:
Համաձայնագրով նախատեսված է կոմիտեին տրամադրել 36 619 988 ՀՀ դրամ՝ Հայաստանում ժամանակի օգտագործման փորձնական հետազոտություն անցկացնելու համար:
Հետազոտությունը թույլ կտա ստանալ ՀՀ բնակչության կողմից ժամանակի օգտագործման վերաբերյալ տվյալներ՝ ըստ սեռի և գյուղ/քաղաք կտրվածքի:
Ուսումնասիրության ընթացքում կներկայացվի, թե որքան ժամանակ են ՀՀ քաղաքացիները ծախսում աշխատանքի վրա՝ վճարվող և չվճարվող, որքան ազատ ժամանակ ունեն ու ինչով են զբաղվում իրենց հիմնական աշխատանքից դուրս ժամերին:
Ընդդեմ հղիության ընդհատումների և վաղ ամուսնությունների․ պատգամավորները դրամաշնորհ կստանան
Հատկանշական է, որ հետազոտության կարևոր բաղադրիչ է հատկապես ժամանակի օգտագործման վիճակագրության գենդերային բաղադրիչը: Ուսումնասիրությունը նախատեսում է հատուկ տարբերակում կանանց ու տղամարդկանց զբաղվածության մասին տեղեկատվության հավաքագրման հարցում՝ ինչով են զբաղված կանայք ու ինչով՝ տղամարդիկ:
Թե ինչ կտա այս հետազոտությունը ՀՀ-ին ու ՀՀ քաղաքացիներին, պարզ չէ: Բայց ծրագրում ներգրավվող վիճակագիրները դրա դիմաց կստանան ընդհանուր շուրջ 31 մլն դրամի աշխատավարձ:
Իսկ հատկացված գումարի մնացած 5 մլն-ը կծախսվի հարցաթերթիկներ կազմելու և այլ տեխնիկական հարցեր լուծելու համար:
Հայաստանը հողագիտական քարտեզ կունենա, գյուղտեխնիկա և դրամաշնորհներ կստանա. փոխնախարար