Ի՞նչ հրթիռներով են կրակել ՍՈւ-երը վարժանքի ժամանակ. մեկնաբանել է ԱԽ քարտուղարը

Երբ ՍՈւ-երը գնվել են, պլանավորվել է նաև դրանց զինամթերքի ու մնացած կարողությունների ձեռքբերումը: Բայց պատերազմն ավելի շուտ է սկսվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց ՍՈւ- 30 ինքնաթիռների հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած հայտարարությունը:

«Երբ ՍՈւ-երը գնվել են, դրանց զինամթերքի ու մնացած կարողությունների ձեռքբերումը դիտարկվել է որպես ավելի երկարաժամկետ գործընթաց: Ըստ պլանավորման, դա ավելի երկարաժամկետ էր, քան պատերազմը սկսվեց»,- ասաց Գրիգորյանը:

Սու-30-ների մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են միմյանց

Նա նաև հաստատեց Փաշինյանի այն հայտարարությունը, որ վարժական թռիչքի ժամանակ Սու-երը հրթիռներ են արձակել: Դրանք, ԱԽ քարտուղարի պարզաբանմամբ, եղել են ավելի ցածր կարողություններով հրթիռներ:

«Խնդիր էր դրված, որ լավագույնը ունենանք, որն ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ: Այն, ինչ մենք ունեցել ենք մինչ այդ, դրանք որոշակի սահմանափակումներ են ունեցել»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ ՍՈւ-30-ների մասին իր նախկին հայտարարություններն իրար չեն հակասում, և որ վարժական թռիչքի ժամանակ ինքնաթիռներից հրթիռներ արձակվել են, բայց դրանք եղել են ՀՀ բանակի նախկինում ունեցած սպառազինությունների հաշվեկշռում:

Մարտի 20-ին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այո՛, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու չուներ կործանիչ ավիացիա»:

ՍՈւ-30 ինքնաթիռները պտտվեցին երևանյան երկնքում

Իսկ 2020թ. հուլիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Մեր Սու-30ՍՄ-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել` փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանից ձեռք բերված Սու-30ՍՄ կործանիչները առանց զինամթերքի են եղել, քանի որ Ռուսաստանը 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներ չի վաճառում այլ երկրի, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ: Հայաստանի իշխանություններն այդ հայտարարությունը չէին հաստատել։