200 տարի արդեն առանց թուրքական լծի. ՀՀ նախագահը շնորհավորել է Հունաստանի նախագահին

Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ 2 երկրների ջերմ բարեկամական կապերը, անկեղծ և արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան ու կամրապնդվեն՝ ի շահ հայ և հույն ժողովուրդների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա և Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրման 200-րդ տարեդարձի առթիվ: Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Հունաստանը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել Սուրբ Սոֆիային վերադարձնել թանգարանի կարգավիճակը

 «Հերոսական մաքառումների, երկարատև պայքարի ու զոհողության գնով հույն ժողովուրդը նվաճեց իր անկախությունը: Այդ ճանապարհին բազմաթիվ են Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայ և հույն քրիստոնյա բախտակից ժողովուրդների համագործակցության ու համատեղ պայքարի դրսևորումները՝ խարսխված հազարամյակների պատմամշակութային առնչությունների, ընդհանուր հոգևոր արժեքների և փոխադարձ համակրանքի վրա»,–ասված է նախագահի ուղերձում:

Նշվում է, որ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանը և Հունաստանը կարողացել են զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ ու երկկողմ կայուն օրակարգ, որն ընդգրկում է ակտիվ քաղաքական երկխոսություն և համագործակցություն տարբեր ոլորտներում։

«Նշանակալի է Հունաստանում կենսունակ հայ համայնքի և Հայաստանում հայ ժողովրդի սերն ու հարգանքը վայելող հունական համայնքի դերը մեր երկրների միջև հարաբերությունների առավել սերտացման գործում»,–ասել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ջերմ բարեկամական կապերը, անկեղծ և արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան ու կամրապնդվեն՝ ի շահ հայ և հույն ժողովուրդների:

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը

Հունաստանի անկախության օրը նշվում է ամեն տարի մարտի 25–ին։ Տոնի ընթացքում հույները և աշխարհի բոլոր ծայրերի ֆիլհելենները հարգանքի տուրք են մատուցում Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում զոհված մարտիկներին։ Հունաստանի անկախության օրվա տոնախմբությունը համընկնում է հույն ուղղափառ եկեղեցում Ավետման տոնի նշման հետ։ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այս օրը տեղի է ունենում զինվորական շքերթ, տոնական երթ և զանգվածային տոնակատարություններ։