ՌԱԴԻՈ

Համամասնական ընտրակարգը կփակի թաղային հեղինակությունների ճանապարհը դեպի ԱԺ. Խուրշուդյան

Ռեյտինգային ընտրակարգից համամասնականի անցնելու հարցի շուրջ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։
Sputnik
Համամասնական ընտրակարգը կփակի թաղային հեղինակությունների ճանապարհը դեպի ԱԺ. Խուրշուդյան

Ռեյտինգային ընտրակարգն ապաքաղաքականացնում է ընտրությունները, դրանք վերածում թաղային հեղինակությունների միջև պայքարի և հնարավորություն տալիս ավելի շատ խնամի, ծանոթ-բարեկամ ունեցողներին ներգրավել քաղաքականության մեջ։ Մինչդեռ համամասնական ընտրակարգի դեպքում ընտրողը հնարավորություն կունենա ընտրություն կատարել կուսակցությունների միջև և ավելի որակյալ խորհրդարան ձևավորել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Ի՞նչ կապ կարող է լինել ընտրությունների և բարձրագույն կրթության մասին նոր օրենքի միջև

Նրա խոսքով` ԸՕ փոփոխությունների նախագծում ռեյտինգային ընտրակարգը վերացնելու դրույթը տարիների պայքարի արդյունք է. ասում է`բոլոր ընդդիմադիր ուժերը տարիներ շարունակ պայքարել են համամասնական ընտրակարգի անցնելու համար։ 

«Լուսավոր Հայաստանի»` բաց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկը Խուրշուդյանը ժամանակավրեպ է համարում, իսկ ԼՀԿ-ն առաջարկում էր բաց համամասնականի անցնել, որ քաղաքացիներն իրենք որոշեն, թե յուրաքանչյուր կուսակցությունից ում են ուզում խորհրդարանում տեսնել։ 

«Թվում է` դա շատ ժողովրդավարական մեխանիզմ է, բայց եթե քաղաքացին պետք է որոշի` ով է լինելու պատգամավոր, ապա իմաստ չունի, որ այդ պատգամավորը որևէ կուսակցության անդամագրվի, եթե ինքն իրենով զուտ պետք է մտնի խորհրդարան, եթե ինքն անձ է ներկայացնում և ոչ թե կոնկրետ կուսակցական գաղափարախոսություն»,- նշեց նա։ 

Նրա դիտարկմամբ` այդկերպ խաթարվում է կուսակցությունների կայացման գործընթացը, քանի որ կուսակցությունն ավելի լավ գիտի` ով է ավելի ունակ խորհրդարանում աշխատելու, չէ՞ որ խորհրդարանում միայն լավ խոսք ու հռետորիկա ունենալը չեն կարևոր։

«Եթե առաջնորդվենք «Լուսավոր Հայաստանի» առաջարկած տարբերակով` պոպուլիստների խորհրդարան կունենանք»,- ընդգծեց Խուրշուդյանը։

Փաշինյանը հայտնեց` ինչու են որոշել համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալ

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Գործող իշխանությունն առաջարկում է ընտրություններն անցկացնել նոր օրենսգրքով, որի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ փորձագիտական կարծիք ստանալու համար։ Նախագծով առաջարկվում է Ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարել, այդ թվում նաև վերացնել ռեյտինգային կամ վարկանիշային ընտրակարգը և անցում կատարել ամբողջովին համամասնական ընտրակարգի։

Քննարկումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ամրագրել ոչ թե համամասնական, այլ բաց համամասնական ընտրակարգը, որը չընդունվեց հանձնաժողովի կողմից։