Արմեն Սարգսյանն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին և ոչ միայն նրան. տեսանյութ

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է հանդիպումների տեսագրությունները և ներկայացրել, թե ինչ թեմաներ են քննարկվել հանդիպման ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին առնչվող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սարգսյանն այսօր ընդունել է նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներին։

Խորհրդի անդամները նշել են, որ համակարծիք են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ Հանրապետության նախագահի մոտեցումներին և նախագահական ինստիտուտը դիտարկում են որպես կայունացնող գործոն:

Արմեն Սարգսյանն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին և ոչ միայն նրան. տեսանյութ

Ներկայացնելով իրենց տեսակետներն ու դիրքորոշումը՝ նրանք նշել են, որ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են երկու փուլով՝ նախ, երկրում հաշտության մթնոլորտի ստեղծում և ժամանակավոր կառավարություն ձևավորում, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր, հետո միայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Հիշեցնենք` մարտի 18-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Արմեն Սարգսյանն ամեն օր հանդիպումներ է անցկացնում քաղաքական տարբեր ուժերի հետ։