Արցախի նախագահն ու ՀՀ արտգործնախարարը քննարկել են գերիներին վերադարձնելու քայլերը

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Մարտի 25-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում են արտգործնախարարությունից։

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինին. քննարկվել է նաև հայ գերիների խնդիրը

ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի նախագահը կարևորել են Հայաստանի և Արցախի կառավարման մարմինների միջև պարբերական շփումները և խորհրդակցությունները` տարածաշրջանում հայության առջև ծառացած խնդիրների համատեղ լուծման նպատակով:

«Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման, այդ թվում` տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նախագահ Հարությունյանը և ԱԳ նախարար Այվազյանը մտքեր են փոխանակել հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ անընդունելի գնահատելով Ադրբեջանի կողմից հումանիտար այս խնդրի անհարկի քաղաքականացումը:

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի ու Երևանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

Զրուցակիցները շեշտել են իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման անկյունաքարային դերը:

Հավելենք, որ հակառակ հրադադարի վերաբերյալ հայտարարության կետերից մեկում ամրագրված դրույթի՝ Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին է վերադարձրել միայն 70 գերիների։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հայ գերիների թիվը հասնում է 300-ի։

Պաշտոնական Բաքուն, սակայն, հայտարարել է, որ ինքը բոլոր գերիներին վերադարձրել է, իսկ իր մոտ գտնվող մյուս քաղաքացիները վարձկան ահաբեկիչներ են։