ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik.Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Գեղամ Ստեփանյանին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Անչափ ուրախ եմ, բայց ոչ այնքան Գեղամի, որքան մեր երկրի համար: Որ թեկուզ դժվարությամբ, սակայն բարեկիրթ և ուսյալ արցախցի երիտասարդները կարողանում են իրենց աշխատանքով և օրինակելի պահվածքով ինքնուրույն ճանապարհ հարթել։ Իմ և հազարավոր արցախցիների լավ տրամադրությունը չփոխելու համար չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ նրա թեկնածությանը դեմ քվեարկած մարդկանց, բայց խորհուրդ եմ տալիս լուրջ մտածել իրենց դերակատարության մասին»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ աշխատանքը Ղուլյանին թույլ է տալիս հույս պահելու փոխարեն համոզված ասել, որ նա հաջողությամբ ու պատվով է կրելու այդ առաքելությունը։
Հիշեցնենք` Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերին։