ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20 000 նոր մասնագետների կարիք կլինի: Տեղեկությունը հայտնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` Facebook–ի իր էջում գրառում կատարելով։
«Ինչպես գիտեք` 2018 և 2019 թթ. ոլորտի աճը կազմել է ավելի քան 30%, իսկ 2020 թ., ճգնաժամի պայմաններում՝ ավելի քան 20%։ Կանխատեսման հիմքում դրված է այն ենթադրությունը, որ ոլորտի աճն առաջիկա տարիներին կկազմի առնվազն 20%, իսկ աշխատատեղերի աճը՝ 15% (հաշվի է առնվել աշխատավարձերի հնարավոր աճը)»,–նշել է նախարարը։
Արշակյանն ասում է, որ այս թվերին նայելով` ևս մեկ անգամ ցանկանում է ոգևորել և կոչ անել քաղաքացիներին ընտրել կրթության հատկապես բնագիտական ուղղությունները, իսկ մասնագետներին՝ ստանալ հավելյալ գիտելիքներ տեխնոլոգիական ոլորտում՝ մասնակցելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերին և այլ կրթական/վերապատրաստման նախագծերին։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին նախարարը հայտնել էր, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է:
Նրա խոսքով` 2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում ավելի քան 800 000 դրամ է (ներառյալ հարկերը)։
Նախարարը վստահեցրել էր` դատելով ներկայացված թվերից, ինչպես նաև ոլորտի աճի դինամիկայից, միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ինժեներությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
«Թումո» կենտրոնում նոր ծրագրեր են իրականացվելու. ծրագրավորում կսովորեն նաև մեծահասակները