ԱՄՆ-ն Հայաստանին փոխանցեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը

Հայաստանը ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումում նախագահելու է 2021թ-ի ապրիլ–օգոստոս ամիսներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն Հայաստանին է փոխանցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) չորսամսյա նախագահությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ այն տեղի է ունեցել մարտի 24–ին, ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստի ժամանակ։

ԵԱՀԿ–ի անատամ քաղաքականությունն ու Արցախի հարցը. ինչու է Լինդեն տարածաշրջան եկել

ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց ԱՀՖ ԱՄՆ նախագահությանը գործադրված ջանքերի և համագործակցության համար: Դեսպան Պապիկյանը նշեց, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովումը պահանջում է համատեղ ջանքեր, կառուցողական ներգրավվածություն և երկխոսություն՝ որպես ուղենիշ սահմանելով ԵԱՀԿ հանձնառությունների անշեղ կատարումը: 

Խոսելով ԵԱՀԿ ԱՀՖ Հայաստանի նախագահության գերակայությունների մասին՝ դեսպան Արմեն Պապիկյանն առանձնացրեց սպառազինությունների վերահսկման, տարածաշրջանային անվտանգության այլ կազմակերպությունների հետ համագործակցության, վստահության և անվտանգության կառուցման միջոցների և ԵԱՀԿ ռազմաքաղաքական ոլորտի հանձնառությունների ու պարտավորությունների հետևողական իրագործման կարևորությունը:

Այդ համատեքստում նա ընդգծեց, որ ԵԱՀԿ հանձնառությունների և պարտավորությունների խախտումները հանգեցնում են միջազգային անվտանգության համակարգերի խարխլմանը, ռազմական ոլորտում կանխատեսելիության և թափանցիկության նվազմանը, որն իր հերթին ուղղակիորեն վտանգում է մարդու իրավունքները, մասնավորապես՝ կյանքի իրավունքը: Շեշտվեց, որ նման մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի և դրա կառույցների արձագանքման ներուժի ամբողջական և արդյունավետ կիրառում: 

Հայաստանը ԵԱՀԿ ԱՀՖ նախագահելու է 2021թ-ի ապրիլ–օգոստոս ամիսներին: