Ադրբեջանը մտածված ու կազմակերպված մշակութային եղեռն է իրականացնում։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը` մեկնաբանելով հայկական մշակութային կենտրոնների և հատկապես եկեղեցիների ավերման կամ ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը։
Նրա խոսքով` ադրբեջանցիները մեծ թափով ոչնչացնում են հատկապես Խորհրդային և հետխորհրդային տարիներին ստեղծված մշակութային ժառանգությունը` փորձելով վերացնել հայկական հետքը։
«Ադրբեջանում համարում են, որ դա իրենց տարածքն է, իրենց պատմական հայրենիքն է, հայերը եկել են, նվաճել են և այնտեղ սկսել են իրենց ինքնության նշանները դնել։ Եվ դա ոչ թե սովորական ժառանգություն է, այլ նվաճողների քաղաքականության արդյունք, և իրենք իրավունք ունեն այդ ամենը ոչնչացնել»,- ասաց նա։
Նույն տրամաբանությամբ հողին է հավասարեցվել նաև Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին, որի մասին տեսանյութ է հրապարակել BBC-ի թղթակիցը։ Ջոնահ Ֆիշերն այցելել է եկեղեցու տարածք, որտեղ նրան դիմավորել է ադրբեջանցի ոստիկանն ու հավաստիացրել` եկեղեցին ավերվել է մարտական գործողությունների հետևանքով։
Մինչդեռ համացանցում տարածվել է ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութ, երբ Մեխակավանն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ էր, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները բարձրացել կանգուն եկեղեցու գմբեթին:
«Փորձելու են քողարկել, ստեր տարածել և առաջ են գնալու այնքանով, որքան որ իրավիճակը չի խանգարում այդ ամենն անել։ Քանի դեռ աշխարհն իր շահի հետևից է վազում, բարբարոսներն իրենց գործին են, և որևէ կերպ աշխարհը չի կարողանում կամ չի ուզում միջամտել։ Մինչդեռ միջազգային բոլոր կոնվենցիաների համաձայն `այդ ամենը ենթակա է դատապարտման կամ արգելման»,- նշեց Պետրոսյանը։
Պատերազմի օրերին Արցախից մշակութային արժեքները չտարհանելու համար հարուցվել է քրգործ
Նրա կարծիքով` մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող միջազգային կառույցներն էլ սնվում են ադրբեջանական նավթադոլարներից և շարունակում լռել, մանավանդ որ Հայաստանի պետական ապարատում Արցախում ստեղծված ժառանգության ճակատագրով կարծես թե չեն էլ մտահոգվում։
Հիշեցնենք, այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը տեղեկացրեց, որ Ադրբեջանը գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը` 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հանձնաժողովը Twitter–ի իր էջում է ահազանգել այդ մասին` հավելելով, որ ԻՍԻՍ-ի «ձեռագրով» է եկեղեցին ավերվել։