Ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին

Զորավար Սուրբ Աստվածածին եկեղեցին մինչ այս արդեն իսկ վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանցի զինվորականների կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ադրբեջանը գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը։ Հանձնաժողովը Twitter–ի իր էջում է ահազանգել այդ մասին` հավելելով, որ ԻՍԻՍ-ի «ձեռագրով» է եկեղեցին ավերվել։

​Նշենք, որ խոսքը դեռևս 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իրականացրած հերթական մշակութային հանցագործությունը։ BBC–ն հայտնաբերել է, որ հայկական եկեղեցին հիմնովին ավիրվել է, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել այդ տարածքը»,–նշված է գրառման մեջ։

Շեշտվում է նաև, որ ավելի վաղ էլ վանդալիզմի էր ենթարկվել եկեղեցին։

Հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ, որ ավերում են հայկական մշակութային կոթողները։ Շուշիի Կանաչ ժամը նույնպես պղծվել է, Ղազանչեցոցը վանդալիզմի է ենթարկվել և այդպես շարունակ։