ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՀՀ կառավարությունը կշարունակի փոխհատուցել Արցախից արտագաղթած արցախցիներին հյուրընկալած հայաստանցիների ծախսերը: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով:
«3000 հյուրընկալող ընտանիքներ կան: Իսկ հյուրընկալված չափահաս արցախցիների թիվը մոտավոր 7000 է: Ընդհանուր հաշվարկով` խոսքը շուրջ 15 000 արցախցիների մասին է»,- ասաց նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ այս թիվը վերաբերում է բացառապես ՀՀ քաղաքացիների բնակարաններում բնակվող արցախցիներին:
Մինչդեռ կան նաև հյուրանոցներում, հանգստյան տներում բնակվող արցախցիներ, որոնց հաշվառման արդյունքում Հայաստանում ներկա պահին բնակվող արցախցիների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 25 000 անձ:
Մեսրոպյանը շեշտեց` քանի որ Արցախում ակտիվորեն իրականացվում են ավերված բնակավայրերի վերակառուցման, կիսավեր տների վերանորոգման աշխատանքներ, Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներն աստիճանաբար վերադառնում են Արցախ:
«Եվ այս ծրագիրն ի վերջո կվերաբերի միայն այն արցախցիներին, որոնք մինչև Արցախում բնակարան ստանալը կշարունակեն բնակվել ՀՀ-ում»,- ասաց Առաքելյանը:
Արցախում բնակարանները կորցրած արցախցիներին հյուրընկալող ՀՀ քաղաքացիների աջակցության ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին կառավարության ընդունած որոշմամբ, որը նախատեսված էր առաջիկա 3 ամիսների համար:
Դրանով հյուրընկալող քաղաքացիներին հյուրընկալված յուրաքանչյուր չափահաս անձի համար տրամադրվում էր ամսական 68 000 դրամ:
Այժմ անհրաժեշտություն է առաջացել երկարացնել միջոցառման ժամկետը ևս 3 ամսով:
Արցախյան պատերազմում տուժածներն ու նրանց հարազատները հոգեբանական աջակցություն կստանան