Վենետիկի հանձնաժողովը մինչև ապրիլի 20-ը պետք է ՀՀ ընտրական օրենսգրքի շուրջ կարծիք ուղարկի

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախնական կարծիք հանձնաժողովը չի արտահայտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Վենետիկի հանձնաժողովն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ներկայացված նախագիծը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց իմքայլական պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Վենետիկի հանձնաժողովը որոշել է Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ մինչև ապրիլի 20-ը եզրակացություն ներկայացնել։ Նախնական կարծիք հանձնաժողովը չի արտահայտել»,–ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` Վենետիկի հանձնաժաղով սովորաբար ուղարկում են օրենսդրական այնպիսի փաթեթներ, որոնք հնչեղություն ունեն և անհրաժեշտ է ստուգել դրանց համապատասխանությունը եվրոպական չափորոշիչներին։ Վարդանյանը հիշեցրեց, որ հանձնաժողովը խորհրդատվական կարծիք է հայտնում, սակայն երբեք չի պարտադրում, որպեսզի այս կամ այն որոշումն ընդունվի։

Նաիրա Զոհրաբյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին. թեման «Նիկոլի վախերն» են

Նա հավելեց, որ Վենետիկի հանձնաժողովը քանիցս քննադատել է մեծամասնական ընտրակարգը, իսկ համամասնականի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ է հայտնել` ելնելով տարբեր երկրներում կիրառվող պրակտիկայից։

«Ընտրական օրենսգրքի հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո»,–ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

300.1 հոդվածի արտահայտություններն ու Վենետիկի հանձնաժողովի սպասելի կարծիքը