ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ քննարկումներով է «Իմ քայլը» որոշում կայացրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պետք է գնան համամասնական ընտրակարգով։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե գործո՞ղ ընտրական օրենսգրքով, թե՞ փոփոխվածով են ընտրությունների գնալու։
«Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել, սակայն բոլոր քննարկումների ժամանակ հարց եմ ուղղել, թե իրենք ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ։ Ըստ էության, արձանագրել ենք, որ ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն այս հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության որոշմանը։ Մենք էլ մյուսների հետ քննարկումներից ելնելով ենք նման որոշում կայացրել»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ԼՀԿ–ի և ԲՀԿ–ի հետ հանդիպումների ժամանակ արձանագրվել է, որ նրանք դեմ չեն ընտրակարգի փոփոխությանը։ Այսինքն` ասվել է, որ կողմ չեն քվեարկելու, սակայն դեմ էլ չեն լինելու։
Ինչ վերաբերում է ընտրություններ անցկացնել-չանցկացնելուն, Փաշինյանը նշեց` արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում։ Դրանք, ըստ վարչապետի, ձեռք են բերվել ՀՀ նախագահի, ԲՀԿ–ի, ԼՀԿ–ի ղեկավարների, նաև արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում։
«Իմ քայլը» ցանկանում է ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով. Մակունց