Նախագահն ու ակադեմիայի տնօրենը քննարկել են բարձրագույն կրթության մասին օրենքը

Արմեն Սարգսյանն ու Ռադիկ Մարտիրոսյանը համակարծիք են եղել, որ նոր օրենսդրական կարգավորումները պետք է նպաստեն ոլորտի զարգացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին են անադրադարձել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։

Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռադիկ Մարտիրոսյանի և ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի հետ:

«Ընդդիմադիր ժամանակ այլ բան էիք ասում». նախկին իմքայլականը քննադատեց բուհերի մասին օրենքը

«Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում գիտության ոլորտի խնդիրներին ու զարգացման հեռանկարներին, այդ համատեքստում՝ կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նոր օրենսդրական կարգավորումները պետք է նպաստեն ոլորտի զարգացմանը և հիմքեր ստեղծեն առաջընթացի համար:

Հիշեցնենք, որ ԱԺ–ն պատգամավորների 79 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը։ Դրա ընդունմանը դեմ էին Գիտությունների ազգային ակադեմիան, մի շարք բուհեր` ԵՊՀ–ն, Երևանի պետական բժշկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը։

ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նախորդ տարվա փետրվարի 24–ին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր` Գիտությունների ազգային ակադեմիայի այն ինստիտուտները, որոնք անարդյունք են աշխատում, պիտի փակվեն։ Արդյունավետ աշխատող ինստիտուտներին պաշտոնյան խոստացել էր պետական աջակցություն, պետական պատվեր ու ֆինանսավորման ապահովում։

Սա բուռն քննարկումների և քննադատության տեղիք էր տվել։