Միակ դեմը. Գևորգ Պետրոսյանն ասաց` ինչու է դեմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելուն

Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց` ժամանակին երկրում ստեղծված այս իրադրությունը չունեինք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ ռազմական դրություն էր սահմանվել երկրում, դրա հիմքերը չկային, իսկ հիմա, երբ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, հանում են այդ որոշումը։

«Կոչ եմ անում կողմ քվեարկել». ԱԺ նախագահը` ռազմական դրությունը վերացնելու նախագծի մասին

Հենց այս պատճառով էլ Պետրոսյանը դեմ է քվեարկել ռազմական դրությունը վերացնելու` ԼՀԿ–ի և ԲՀԿ–ի նախագծին։

Նշենք, որ այսօր պատգամավորների 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ–ն վերացրեց ռազմական դրությունը։ Միակ դեմ քվեարկողը Գևորգ Պետրոսյանն է եղել։

«Տարբերվելու, անհարկի հակադրվելու ամբիցիաներ ես չունեմ, միակ պատճառը դա է։ Այն ժամանակ, երբ ռազմական դրություն էին հայտարարում, ՀՀ սահմաններին վտանգ չէր սպառնում»,–պնդեց Պետրոսյանը։

Նրա խոսքով` հիմա, երբ թուրքն ամեն օր մի գյուղ է վերցնում, Հայաստանի սահմանի վրա են գրոհում և պատերազմի վտանգն էլ շատ տեսանելի է, պետք չէ ռազմական դրությունը վերացնել: Պետրոսյանը կարծում է` պետք է ամեն ինչ անել ՀՀ սահմանների անվտանգությունը առավել բարձր մակարդակի հասցնելու համար։ Նա հավելեց նաև, որ գործող իշխանության համար կարևորը վերընտրվելն է, ոչ թե սահմանների պաշտպանությունը։

Հայաստանում ռազմական դրությունը վերացվեց

Պետրոսյանը պնդեց` ժամանակին այս իրադրությունը չէր, ինչի համար էլ ինքը նույնպես դեմ էր ռազմական դրության մնալուն։

Հիշեցնենք, որ Հայաստանում ու Արցախում ռազմական դրություն էր հայտարարվել 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։