Գործադիրում կոռուպցիա չկա, բայց կան նախկին կոռումպացված համակարգից մնացած տարրեր. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ շուտով կգա նաև բարեփոխումների արդյունքները վայելելու ժամանակը, երբ որևէ չինովնիկ այլևս չի կարողանա խոչընդոտել երկրի զարգացման ընթացքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանի կառավարությունում կոռուպցիա չկա, բայց կան նախկին կոռումպացված համակարգից մնացած որոշ տարրեր: Այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին:

«Նախկին կոռումպացված համակարգի դեռևս գործող տարրերը թույլ են տալիս որոշ չինովնիկների կամայական որոշումներ կայացնել, որոնց հետևանքով մասնավոր ներդրողները պրոբլեմ են ունենում»,- ասաց Քերոբյանը՝ մեկնաբանելով նախկինում իր արած մեկ այլ հայտարարություն այն մասին, որ ներդրումային ծրագրերը շատ երկար ժամանակ մնում են պաշտոնյաների դարակներում:

«Արվել է շատ մեծ քանակի աշխատանք, բայց դա չի նշանակում, որ ամբողջ նախկին համակարգն արմատախիլ է արվել, ու դրա տեղը ներդրվել է ամբողջությամբ գործուն մեխանիզմ»,- ասաց նախարարը:

ԱԱԾ-ն կոռուպցիոն երևույթներ է բացահայտել Մեղրիի անցակետում. 6 հոգու կալանավորել են

Քերոբյանը վստահեցրեց, որ շուտով կգա նաև բարեփոխումների արդյունքները վայելելու ժամանակը, երբ որևէ չինովնիկ այլևս չի կարողանա խոչընդոտել երկրի զարգացման ընթացքը:

Անդրադառնալով ներդրումների խնդրին` էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ դրանք Հայաստանում ամեն օր են արվում:

«Երկու օր առաջ ես իմ գրառմամբ հայտնեցի, որ շվեդական 25 մլն դոլար կապիտալիզացիայով մի ընկերություն իր գրասենյակն արդեն բացել է Հայաստանում, երեկ հայտարարվեց, որ կառավարության համաֆինանսավորմամբ հիմնվել է ծիրանի ամենամեծ ինտենսիվ այգին Արտամետ համայնքում, այսօր ես ստորագրել եմ փաստաթուղթ, որը 3 մլն դոլարանոց ջերմոցային տնտեսության ներդրում է։ Ու այդպես ամեն օր է»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ նախարարությունը հայտարարում է միայն ամենանշանակալի ծրագրերի մասին, մինչդեռ ներդրումներն իրականում շատ ավելի շատ են: