ՌԱԴԻՈ

Ի՞նչ կապ կարող է լինել ընտրությունների և բարձրագույն կրթության մասին նոր օրենքի միջև

Կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում կատարված փոփոխություններին։
Sputnik
Ի՞նչ կապ կարող է լինել ընտրությունների և բարձրագույն կրթության մասին նոր օրենքի միջև

Մեկ գիշերվա ընթացքում հապճեպ ու հանկարծակի կառավարություն, ապա ԱԺ ուղարկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումն իր հետ բերեց մի շարք խնդիրներ և դժվարություններ։ Դրանցից ամենավտանգավորը կապված է բուհերի ինքնավարության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ 

«Սա ամենացցուն թերությունն է և հնարավորություն է տալիս քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին, այս դեպքում` լիազոր մարմնի ղեկավարին կամ նախարարին, որոշելու, թե ով է լինելու ռեկտորը»,- ասաց նա։

Նախագահն ու ակադեմիայի տնօրենը քննարկել են բարձրագույն կրթության մասին օրենքը

Փորձագետն այդպես է կարծում, քանի որ նոր օրենքով կառավարման խորհուրդներում նախարարությունը մեծամասնություն է կազմելու, և վերջին հաշվով բուհի ընտրված ռեկտորին հրամանագրելու է դարձյալ նախարարը դարձյալ իր ուզած մարդուն։

Մխիթարյանի խոսքով` նոր օրենքում նաև բուհերի հնարավոր օպտիմալացման և միավորման ենթատեքստ կա։ Բացի այդ, ԳԱԱ-ն կազմաքանդելու դեպքում անտեր մնացած գիտահետազոտական ինստիտուտները միավորվելու են բուհերի հետ, որոնք կառավարվելու են քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարի կողմից։ 

«Բուհերը ոչ միայն քաղաքականացվում են, այլ նաև, կարելի է ասել, կառավարվելու են քաղաքականության կողմից, իսկ բուհերում կենտրոնացված են մտավորականությունը և ժամանակակից հասարակության ամենաակտիվ խավը` ուսանողությունը։ Իսկ առաջիկայում ընտրություններ են, և հնարավոր կլինի հեշտությամբ կառավարել, եթե դու ունենում ես բուրգի գլխին կանգնած քաղաքական պաշտոնյա»,- նշեց Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն պատգամավորների 79 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը։ Դրա ընդունմանը դեմ էին Գիտությունների ազգային ակադեմիան, մի շարք բուհեր` ԵՊՀ–ն, Երևանի պետական բժշկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը։