ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ընտանեկան բռնության ենթարկված անձը ոստիկանություն դիմելու երկու տարբերակ ունի` կա՛մ պետք է զանգի 1-02, կա՛մ մոտենա ոստիկանության տարածքային բաժանմունք։ Sputnik Արմենիայի տաղավարում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը ներկայացրեց ընտանեկան բռնության ենթարկվածի քայլերը։
«Ես կօգտագործեմ «բռնության զոհ» եզրույթը, թեև ընտանիքներում բռնության ենթարկվածների մեծամասնությունը, իհարկե, կանայք են լինում։ Երբ բռնության զոհը ահազանգում է 1-02, տարածքային բաժնի օպերատիվ խումբը գալիս է տուն։ Այդ խմբում են լինում հետաքննիչը, օպերատիվ աշխատակիցը և մասնագիտական ստորաբաժանման մեկ–երկու աշխատակից։ Ասեմ, որ վերջին ստորաբաժանման աշխատակիցների 40%-ը կանայք են, քանի որ բռնության ենթարկված կինն ավելի ազատ կնոջ հետ է խոսում», – ասաց Դուրյանը։
Ոստիկանների առաջին քայլերը լինում են բռնությունը կանխելը, բռնարարին առանձնացնելը, տեղեկություններ հավաքելը։ Եթե բռնության զոհը ինքն է գալիս տարածքային բաժին, այստեղ նրա հետ աշխատում է մեկ ոստիկան, ոչ ավելին։
«Նրանք խոսում են առանձնացված սենյակում, որպեսզի բռնության զոհը առավելագույնս անկաշկանդ խոսի։ Ոստիկանը 21 հարց է տալիս բռնության զոհին, սկսում են նախապատրաստվել նյութեր», – ասաց ոստիկանության գնդապետը։
Հազվադեպ չեն դեպքերը, երբ բռնության զոհ դարձած կինը մեկ շաբաթից կամ անգամ մեկ ժամից հետ է վերցնում իր դիմումը, ըստ այդմ` բռնարարը չի կարող քրեորեն հետապնդվել։ Սակայն ոստիկանությունը այս դեպքում էլ անելիքներ ունի։
«Եթե խոսքը ֆիզիկական կամ սեռական բռնության մասին է, բռնարարը մեկ տարի գտնվելու է մեր հաշվառման մեջ։ Նշանակում է, որ եթե նույն մարդու վերաբերյալ ևս մեկ ահազանգ լինի, կարող է իրականացվել անհետաձգելի միջամտություն, այսինքն` բռնարարին որոշ ժամկետով հեռացնել այդ տնից, արգելել կապ հաստատել բռնության զոհի հետ և այլն», – ասաց Դուրյանը։
Ոստիկանի խոսքով ՝ Հայաստանում բռնության մասին կեղծ ահազանգեր գրեթե չեն լինում, դրանք բոլորը համապատասխանում են իրականությանը: Ամենից շատ ահազանգեր են լինում Երևանից, Արմավիրի և Արարատի մարզերից։ Կառավարությունը ծրագրում է բռնության զոհերի համար հատուկ ապաստան բացել, սակայն քանի դեռ այն չկա, բռնության զոհերը կարող են դիմել կանանց
իրավունքներով զբաղվող ՀԿ–ներին։ Օրինակ` «Կանանց աջակցման կենտրոն», որն իր շահառուների համար ունի ապաստարան, և որի հասցեն գաղտնի է պահվում (+37499-887808)։
Sputnik Արմենիայի տաղավարում ոստիկանության գնդապետի հետ քննարկեցինք նաև անչափահասների խնդիրները, հետպատերազմական սթրեսի հետևանքները հանրության մեջ, ինչպես նաև խոսեցինք ոստիկանական համակարգում կնոջ դերի մասին։
Ինչ է փոխվել Հայաստանում կանանց իրավունքների հարցում վերջին 2,5 տարիներին