ՀՀ–ում Covid-19–ի նոր ռեկորդ է գրանցվել, վերակենդանացման բաժանմունքներում գրեթե տեղ չկա

Կորոնավիրուսով հիվանդների թվի օրական աճը գերազանցում է 1000-ը: Առողջապահության նախարարությունը հորդորում է զգոն լինել և պահպանել հակահամաճարակային կանոնները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի օրական աճի պատճառով Հայաստանի բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում գրեթե տեղ չկա, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց գերատեսչության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:

Հայաստանում 600 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. քանի՞ կրկնավարակում ենք ունեցել

Այս պահին 63 մարդ միացված են արհեստական շնչառության սարքերին։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը 187 է, ևս 750-ը ծանր վիճակում են։ Վերակենդանացման բաժանմունքներում 262 տեղից արդեն զբաղված են 259-ը։

Մարզերում վարակակիրների բուժմամբ զբաղվում են Գյումրու երկու, Կապանի, Մարտունու, Սպիտակի մեկական և Երևանի մի քանի բժշկական կենտրոններ։ Երեխաները բուժում են ստանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում և «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։

Խաչատրյան հերթական անգամ հորդորեց զգոն լինել և պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դնել դիմակներ, պահպանել հեռավորություն և հաճախ լվանալ ձեռքերը։
Այդուհանդերձ, ՀՀ առողջապահության նախարարությունն այս պահին լոկդաունի հարց չի քննարկում։

«Եթե նոր և ավելի խիստ սահմանափակումներ լինեն, հասարակությունը կտեղեկացվի այդ մասին»,–ասաց նա:

Նշենք, որ վերջին մեկ օրում երկրում գրանցվել է վարակման 1164 նոր դեպք։ Համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից մահացել է 3398 մարդ (վերջին մեկ օրվա ընթացքում՝ +14), ևս 865-ը (վերջին մեկ օրվա ընթացքում՝ +3) մահացել են այլ պատճառներով:

Կորոնավիրուսից մահացել է ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը