ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը շատ բարձր է։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Փորձագետի խոսքով՝ Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը նպաստում են մի քանի պատճառներ, որոնք ընկած են երկկողմ ամերիկա-թուրքական հարթությունում և գլոբալ բնույթ են կրում:
«Գաղտնիք չէ, որ Բայդենի գալուն պես Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները բավական լարված են դարձել։ Թուրքական կողմն արդեն երկար ժամանակ փորձում է կազմակերպել երկու առաջնորդների հեռախոսազրույցը, սակայն Բայդենի վարչակազմից մինչ օրս արձագանք չկա։ ԱՄՆ նախագահը բազմիցս ասել է, որ մարդու իրավունքներն առանցքային տեղ կզբաղեցնեն իր արտաքին քաղաքականության մեջ։ Իսկ Ցեղասպանության հարցը դիտարկվում է նաև մարդու իրավունքների պրիզմայով», - ասաց Սաֆրաստյանը։
Նա հիշեցրեց, որ օրերս շուրջ 40 կոնգրեսականներ արդեն դիմել են նախագահին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նրանց շարքում կային ինչպես հանրապետականներ, այնպես էլ դեմոկրատներ։ Հաշվի առնելով, թե ինչ լուրջ լարվածություն է տիրում երկու կուսակցությունների հարաբերություններում, նման համախմբվածությունը շատ խոսուն կերպով վկայում է Ցեղասպանության շուրջ կոնսենսուսի մասին։
Իսկ գլոբալ առումով ԱՄՆ-ի շահերն այժմ աստիճանաբար տեղափոխվում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Մերձավոր Արևելքը, որը տասնամյակներ շարունակ ամերիկյան քաղաքականության գերակա ուղղությունն էր, այժմ կորցնում է այդ կարգավիճակը։ Համապատասխանաբար, Թուրքիան, որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի առանցքային գործընկերը, նույնպես կորցնում է իր նախկին դերը ամերիկյան ղեկավարության համար:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսը ստորագրահավաք էր նախաձեռնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված երկկուսակցական նամակի տակ: Նա կոչ է անում ԱՄՆ–ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սենատի նամակում հիշատակվում է Ջո Բայդենի` 2020 թվականի ապրիլի 24-ին արած հայտարարությունը, որում նա ասել է, որ կաջակցի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին:
Ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ դեռ չէինք եղել․ ինչ չպետք է անի Երևանը Բայդենի օրոք