ԵՐԵՎԱՆ, 24 մարտի- Sputnik. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ համացանցում նոր խաբեություն է տարածվում։
Տեղեկացվում է, որ խաբեության միջոցով ոմանք տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։
WhatsApp–ի նոր կանոնները. օգտատերերը պարտավոր են տվյալներ տրամադրել Facebook-ին
«Կեղծարարները օնլայն աշխատանք են առաջարկում ու ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով հասանելիություն են ստանում նկարներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հետո անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց փորձում են գումար կորզել։
Գործակալությունը կոչ է անում
- Ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց,
- Օգտագործեք բարդ գաղտնաբառ,
- Միևնույն գաղտնաբառը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում,
- Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, որը պաշտպանում է ձեր հաշիվը, եթե անգամ գաղտնաբառը հայտնվի մեկ այլ մարդու մոտ,
- Կասկածով մոտեցեք բոլոր այն առաջարկներին, որոնք ենթադրում են հեշտ ճանապարհով գումար վաստակել։