Դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել Օնիկ Գասպարյանից

Փաստաբանն օրեր առաջ ասել էր, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի գրառման առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի` հանցագործության մասին դիմումը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Դատարանի կայացրած որոշմամբ Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել իր պաշտոնում. նախարար

Ավելի վաղ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման առնչությամբ, այնպես էլ վիճարկելու են պաշտպանության նախարարի անգործությունը։ 

Փաշինյանը մարտի 22-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` ասելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին։ Սակայն օրեր առաջ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Այսինքն` դատարանը պահանջել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսվեցին նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Օնիկ Գասպարյանի կատարողական թերթերը հարկադիր կատարողը վերադարձրել է վարչական դատարան

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։

Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ: