Հրավերն ընդունել են առանց վարանելու. Երևանում բասկետբոլային տոն է լինելու

Ակնկալիք կա, որ բասկետբոլի հայաստանյան մրցաշարի աշխարհագրությունը կընդլայնվի. Երևանում անցկացվող բասկետբոլի Եվրասիական լիգայի խաղերի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Երևանում մեկնարկում են բասկետբոլի Եվրասիական լիգայի խաղերը, մասնակիցների թվում են ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրից ժամանած ակումբները, ինչն ավելի է մեծացրել հետաքրքրությունը մրցաշարի նկատմամբ։ Լիպեցկի «Mitsu-Basket» թիմի նախագահ Կոնստանտին Բրեևը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ արդեն իսկ ներկայացել են լուրջ ակումբներ և իրենց հաճելի է մասնակցել մրցաշարին։

«Ակնկալում ենք գեղեցիկ ու արդար մրցակցություն, որի ընթացքում կպայքարենք գավաթի համար»,– նշեց նա։

Հրավերն ընդունել են առանց վարանելու. Երևանում բասկետբոլային տոն է լինելու

Դոնի Ռոստովի «Բարս» թիմի գլխավոր մարզիչ Միխայիլ Ստարովոյտովն իր հերթին հավաստեց, որ կշարունակեն համագործակցությունը հայկական կողմի հետ, ու թեև մասնակիցներից շատերն իրենց ծանոթ չեն, բայցևայնպես կպայքարեն մեդալների համար։ Հատկանշական է, որ ռուսական երկու ակումբներն էլ իրենց երկրի առաջնության արդյունքներով չեն անցել փլեյ–օֆ, հետևաբար Հայաստանում կայանալիք խաղերին մասնակցելու հրավերն ընդունել են առանց վարանելու։

Հրավերն ընդունել են առանց վարանելու. Երևանում բասկետբոլային տոն է լինելու

Լիբանանի գործող չեմպիոն «Ալ-Ռիադի» թիմի գլխավոր մարզչի օգնական Մարվան Դիաբը նույնպես կարևորեց միջազգային մրցաշարը, որն իրենց համար ազգային առաջնությանը պատրաստվելու և իրենց ներուժը մեծացնելու լավ առիթ է։ Բեյրութից ժամանած ակումբում հանդես են գալիս երկու հայ բասկետբոլիստներ, որոնք անպայման դուրս կգան ասպարեզ։

Հրավերն ընդունել են առանց վարանելու. Երևանում բասկետբոլային տոն է լինելու

«Վահագնի Սիթի» ակումբի հիմնադիր սեփականատեր Նինա Հովնանյանն էլ շեշտեց` շատ հաճելի է, որ Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճեց «Վահագնի Սիթի» ակումբը, ինչը կխթանի նոր ծրագրերի իրականացումը, քանի որ Վահագնի թաղամասում արդեն իսկ նախատեսվում է կառուցել բասկետբոլային համալիր։ Հովնանյանի կարծիքով` ոգևորիչ է հատկապես այն հանգամանքը, որ բասկետբոլի երկրպագուների թվաքանակը Հայաստանում հետզհետե աճում է։

Հրավերն ընդունել են առանց վարանելու. Երևանում բասկետբոլային տոն է լինելու

«Որքան շատ նմանօրինակ մարզական կամուրջներ կառուցվեն հարևան երկրների հետ, այնքան ավելի լավ կլինի Հայաստանի համար»,– նշեց Հովնանյանը։

Հայաստանի բասկետբոլային լիգայի նախագահ Արա Պողոսյանն էլ ասաց, որ իրենք փորձում էին ավելի ծավալուն մրցաշար կազմակերպել, սակայն հիմնական խոչընդոտը համավարակն է, որն առաջացնում է նաև լոգիստիկ դժվարություններ։ Այդուհանդերձ, կան իրատեսական ակնկալիքներ, որ հայաստանյան մրցաշարի աշխարհագրությունը կընդլայնվի, և եթե այն հասցվի կոմերցիոն բարձր մակարդակի, ինչի հիմքերը նույնպես կան, ապա մրցաշարը կունենա նաև համարժեք մրցանակային ֆոնդ։

Հրավերն ընդունել են առանց վարանելու. Երևանում բասկետբոլային տոն է լինելու

Անկախ ամեն ինչից, հետաքրքրությունը շատ մեծ է, և արտերկրից ժամանող ակումբների համար նախևառաջ կարևոր է մրցակցությունն այլ ակումբների հետ, ինչը նպաստում է փորձի փոխանակմանն ու խաղամակարդակի բարձրացմանը։

Նշենք, որ Եվրասիական լիգայի խաղերը Հայաստանում կազմակերպվում են երրորդ անգամ։ Մրցաշարն անցկացվելու է շրջանաձև մրցակարգով, խաղերը կայանալու են «Միկա» մարզադահլիճում, որտեղ յուրաքանչյուր օր տեղի կունենա երկու հանդիպում։ Եզրափակիչը նախատեսված է մարտի 29-ին` 20։00-ին։ Երկրպագուների համար մուտքն ազատ է։