Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ

Հիմնականում քննարկվում է երկաթգծի ու ավտոճանապարհի՝ խորհրդային ժամանակներում գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի- Sputnik. Տարածաշրջանային կոմունիկացիոն ապաշրջափակման ծրագիրն այս պահին իրականացվում է միայն փորձագիտական մակարդակով: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետի կատարման ընթացքի մասին` պատգամավորի հարցին:

Ապաշրջափակումը ոչ միայն նպաստավոր չէ Հայաստանի համար, այլև նոր խնդիրներ կարող է առաջացնել

«Գործում է փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ: Մենք մի քանի նիստ ունեցել ենք: Գործում են նաև ենթախմբեր՝ թվով երկուսը, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, այսինքն՝ տեխնիկական լուծումների, մյուսը՝ իրավական, անվտանգային, մաքսային, ֆիտոսանիտարականև այլ խնդիրների հետ կապված»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը շեշտեց, որ նախապես ծրագրված էր մինչև մարտի 1-ը հանդես գալ կատարված աշխատանքների մասին միջանկյալ զեկույցով: Բայց քննարկումներն ու աշխատանքները ցույց են տվել, որ հավելյալ փորձագիտական աշխատանքների կարիք կա: Հետևաբար, զեկույցը հետաձգվում է անորոշ ժամանակով, մինչև դրանց ավարտը:

«Հիմնականում քննարկվում է երկաթգիծ, ավտոճանապարհ: Ըստ էության, խոսքը սովետական ժամանակներում գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է՝ բոլոր հնարավոր ուղղություններով»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու կլինի, եթե դա անեն բոլորը․ Թավադյան