«Ընդդիմադիր ժամանակ այլ բան էիք ասում». նախկին իմքայլականը քննադատեց բուհերի մասին օրենքը

Թագուհի Թովմասյանը հերքեց ԿԳՄՍ նախարարի պնդումը, թե ռեկտորները համաձայն են նոր օրենքի նախագծի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱԺ–ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քննարկելու ժամանակ անկախ պատգամավոր (նախկին իմքայլական) Թագուհի Թովմասյանը քննադատեց օրինագիծը։

Իշխանության եկած քաղաքական ուժը զրոյացնում է բուհական ինքնավարությունը. Էմին–Տերյան

«Իշխանության ներկայացուցիչներ, դուք շեղվել եք ձեր նախկին քայլերից: Ընդդիմադիր եղած տարիներին հայտարարում էիք, որ կուսակցությունները, բդեշխները իշխում են բուհերը: Հիմա դուք եք անում նույնը»,–ասաց նա։

Թագուհի Թովմասյանը հերքեց ԿԳՄՍ նախարարի պնդումը, թե ռեկտորները համաձայն են նոր օրենքի նախագծի հետ։ Նա կարդաց Ռեկտորների խորհրդի եզրակացությունը, համաձայն որի բուհի կառավարման խորհրդի ձևավորման դրույթը հակասում է բուհական ինքնավարության սկզբունքին և Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին։ Դրանով սահմանվում է, որ բարձրագույն կրթության մարմիններն ունեն ինքնակառավարման իրավունք և ակադեմիական ազատություն:

«Քանի որ ռեկտորներն անհամաձայնություն ունեն այս օրենքի կոնկրետ դրույթի վերաբերյալ, այդ դեպքում առանց կոնսենսուսի ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա համատեղ աշխատանքի շարունակությունը բուհերի հետ»,- ԿԳՄՍ նախարարին դիմեց Թովմասյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ առողջ և աշխատանքային մթնոլորտում է պատկերացնում իր համատեղ աշխատանքը բուհերի հետ:

Այսքան բուհ ունենալը «ճոխություն» է մեր փոքրիկ պետության համար. ինչ է առաջարկում նախարարը

«Ռեկտորները միանշանակ հավաքական կարծիք չունեն, և նախագծով ինքնավարության սկզբունքը չի խախտվում»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծը, համաձայն որի բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

Առաջարկվում է նաև հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը:

Դրանից բացի, օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական:

Բուհ–աշխատաշուկա կապի տեմպերը մտահոգիչ են. ինչ է ցույց տալիս ուսումնասիրությունը