ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Այսօր խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները` ԼՀԿ–ն ու ԲՀԿ–ն, երկրորդ անգամ ներկայացրին ՀՀ-ում ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնությունը:
Նախագծի զեկուցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ռազմական դրության ռեժիմը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահամանփակվում է երկրում ժողովրդավարությունը, քանի որ կան համայնքներ, որտեղ ՏԻՄ ընտրություններ չեն լինում:
«Կարծում եմ` ռազմական դրությունը մնացել է որպես զուտ քաղաքական երևույթ, և քանի որ կա պայմանավորվածություն արտահերթ ընտրությունների գնալու` առաջարկում ենք հանել այն»,-ասաց Մարուքյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ բացարձակապես անհիմն են պնդումները, որ ռազմական դրության ժամկետը երկարաձգվում է քաղաքական նկատառումների պատճառով։ Ըստ նրա` դրա վառ վկայությունն է Բաղրամյան պողոտայում ընդդիմության տեղադրած վրանները։
«Արտահերթ ընտրություններից առաջ ռազմական դրությունը պետք է հանվի։ Առաջարկում եմ ընդառաջել ընդդիմադիր գործընկերներին ու կողմ քվեարկել նախագծին»,–ասաց Միրզոյանը։
Որևէ քաղաքական հիմք չկա. ինչու Հայաստանում չի վերացվում ռազմական դրությունը
Նա կոչ արեց վաղն առավոտյան, երբ նախագիծը քվեարկության կդրվի, կողմ քվեարկել։
Հիշեցնենք, որ ռազմական դրությունը վերացնելու՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը նախորդ անգամ մերժվել էր 2020-ի նոյեմբերի 26-ին (36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ)։