Ինչու են պայմանագրային զինծառայողները դուրս եկել դիրքից. որոշ մանրամասներ արդեն հայտնի են

Զինծառայողները գնացել են 1.5 կմ հեռավորության վրա տեղակայված մարտական դիրք, եղանակի վատթարացման պատճառով ստիպված մնացել այնտեղ, իսկ հաջորդ օրը վերադառնալիս մոլորվել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Միջդիրքային տարածքում երկու զինծառայողների կորչելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի երկու շարքային պայմանագրային զինծառայողների հետ միջդիրքային տարածքում մարտի 21-ին կապն ընդհատվել էր, եղանակային ծանր պայմաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նրանք հայտնաբերվել էին մարտի 22-ին: Նրանցից մեկի կյանքը, ցավոք, փրկել չէր հաջողվել, մյուսը, որի վիճակը գնահատվում է ծանր, անհրաժեշտ բուժօգնությունն է ստանում Կենտրոնական զինվորական հոսպիտալում:

Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ, զինծառայողների կորչելու մասին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ՀՀ ՊՆ Վայքի ՌՈ բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր:

Ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ մարտի 20-ին, ժամը 09-ի սահմաններում, նրանք ծխախոտ և վառելիք բերելու նպատակով դուրս են եկել մարտական դիրքից և գնացել մոտ 1.5կմ հեռավորության վրա տեղակայված մարտական դիրք, եղանակի վատթարացման պատճառով ստիպված մնացել այնտեղ, իսկ հաջորդ օրը վերադառնալիս խիստ ձնաբքի պայմաններում մոլորվել են՝ չհասնելով հենակետ:

Դեպքի առթիվ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը` ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում)՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ պարզելու դեպքի ամբողջական հանգամանքները, մարտական հերթապահության իրականացման պայմանների, զինծառայողների անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների անբավարարության, դրանում համապատասխան պաշտոնատար անձանց հնարավոր պաշտոնեական անփութության, հանցավոր թերացումների առկայությունը:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) 8-րդ կայազորային քննչական բաժին: