ՀՀ պաշտպանության նախարարը հիվանդանոցում այցելել է ձնաբքի պատճառով մոլորված զինծառայողին

Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ ու մաղթել շուտափույթ ապաքինում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Այսօր` մարտի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչու են պայմանագրային զինծառայողները դուրս եկել դիրքից. որոշ մանրամասներ արդեն հայտնի են

«Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին  ծանրության:  Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի երկու շարքային պայմանագրային զինծառայողների հետ միջդիրքային տարածքում մարտի 21-ին կապն ընդհատվել էր, եղանակային ծանր պայմաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նրանք հայտնաբերվել էին մարտի 22-ին: Նրանցից մեկի կյանքը, ցավոք, փրկել չէր հաջողվել, մյուսը, որի վիճակը գնահատվում է ծանր, անհրաժեշտ բուժօգնություն է ստանում Կենտրոնական զինվորական հոսպիտալում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: