ՌԱԴԻՈ

Հայ-ռուսական հարաբերություններն ու արցախյան պատերազմը. ո՞րն է Փաշինյանի մեղքը

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք հայ-ռուսական հարաբերությունների ու արցախա-ադրբեջանական պատերազմի մասին։
Sputnik
Հայ-ռուսական հարաբերություններն ու արցախյան պատերազմը. ո՞րն է Փաշինյանի մեղքը

Օրվա իշխանությունը միջազգային քաղաքականության ու դիվանագիտական հարթակներում արձանագրած անհաջողությունները փորձում է ժողովրդի «գրպանը գցել»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, թե ժողովրդի մեջ տարածված տեսակետը, որ արցախյան վերջին պատերազմում Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, թյուրընկալման հետևանք են։ 

Պատերազմի ավարտից ավելի քան 4 ամիս անց զինվորական հոսպիտալում դեռ բուժվող զինվորներ կան

Նրա խոսքով` այդ թյուրընկալման պատճառը իշխանական քարոզչամեքենան է, որը ծանոթ չլինելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված իրավական փաստաթղթերին, ժողովրդի շրջանում ձևավորում են որոշակի տրամադրություններ, հետո ամբողջ պատասխանատվությունը այդ նույն ժողովրդի ուսերին բարդում։

«Ի՞նչ է նշանակում ` ժողովուրդն այսպես կամ այնպես էր պատկերացնում. կարծում եմ` սա հերթական անգամ ինչ-որ բան ժողովրդի վրա գցելու, իր վրայից պատասխանատվությունը ժողովրդի ուսերին բարդելու փորձ է»,- ասաց նա։

Վրթանեսյանի դիտարկմամբ` այսկերպ նաև փորձ է արվում քողարկել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերություններում եղած լարվածությունը, իսկ որ արցախա-ադրբեջանական պատերազմի օրերին և դրանից առաջ Հայաստանի «թավշյա» վարչապետի և մեր ռազմավարական գործընկերոջ «ջրերը նույն առվով» չէին հոսում, փորձագետը կասկածից վեր է համարում։

«Փաշինյանն ամեն ինչ արեց, որ մենք ամենավատ հարաբերություններով հայտնվենք այս կոնֆլիկտի ժամանակ։ Ավելին, եթե հարաբերություններն այդքան չսրվեին, որ Ռուսաստանն անգամ բաց տեքստով դա հայտարարեր, գուցեև պատերազմ էլ չէր լինի»,- նշեց Վրթանեսյանը։

Իսկ, եթե, այնուամենայնիվ, հնարավոր չլիներ պատերազմից խուսափել, գուցեև Թուրքիան չհանդգներ բացահայտ աջակցել Ադրբեջանին, կամ գոնե այդ աջակցությունը այդքան մասշտաբային չէր լինի, հետևաբար` մարդկային կորուստներն էլ անհամեմատ քիչ կլինեին։

Ռուսաստանը կֆինանսավորի Հայաստանում փոքր բիզնեսի զարգացման նախագիծը

Ըստ ռազմական փորձագետի` դաշնակցային հարաբերություններ ու առողջ դիվանագիտական դիսկուրս ունենալ ամենևին էլ չի նշանակում սեփական շահից հրաժարվել, հպատակ ու ենթակա լինել. հայ-ռուսական հարաբերություններում ժամանակ առ ժամանակ ինչ-որ խնդիրներ ու անհամաձայնություններ եղել են, բայց քննարկումների ու բանակցությունների արդյունքում կողմերն ընդհանուր հայտարարի են եկել, ինչը այս իշխանություններին չի հաջողվել։