Հաշմանդամություն ստացած զինծառայողները ժամերով հերթ են կանգնում. սոցապը պարզաբանում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ավելի վաղ ասել էր, որ համապատասխան հանձնաժողովերը կայցելեն վիրավոր զինծառայողների տուն` նրանց չստիպելով սոցապ ծառայություն անձամբ գնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik.Sputnik Արմենիային հայտնի է դարձել, որ Արցախյան պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողները հաշմանդամություն կարգ ստանալու համար ժամերով հերթ են կանգնում Արմավիրի մարզի սոցապ ծառայությունում։

«Բոլորին նույն ժամին են կանչել, հերթում կային նաև քաղաքացիական անձինք: Տղաները՝ հենակներով, ձողերը ոտքերի մեջ, ժամերով ստիպված կանգնել են», –Sputnik Արմենիային ասել է զինծառայողներից մեկի ծնողը։

Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ավելի վաղ ասել էր, որ համապատասխան հանձնաժողովերը կայցելեն վիրավոր զինծառայողների տուն` նրանց չստիպելով սոցապ ծառայություն անձամբ գնալ։

ԱԺ–ն օրակարգ չընդունեց զինվորականներին չօգտագործած արձակուրդի դիմաց վճարելու նախագիծը

Sputnik Արմենիայի հարցմանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը պատասխանել էր, որ զինծառայողների բժշկասոցիալական փորձաքննությունն, ըստ անհրաժեշտության, շարունակվում է կազմակերպվել իրենց գտնվելու վայրում՝ տանը կամ բժշկական կենտրոնում։ Խնդիրն այն է, որ որոշ զինծառայողներ մերժում են իրենց տուն գալու առաջարկը։

«Բոլոր այն զինծառայողները, ովքեր ունեն կարիք և ցանկություն տանը փորձաքննվելու, կապ են հաստատում նախարարության հետ՝ գործընթացն իրենց գտնվելու վայրում կազմակերպելու համար։ Նախարարությունը չի կարող առանց անձանց ցանկության նրանց տուն այցելել», – ասել է Մանուչարյանը։

Արձագանքելով Արմավիրի մարզի սոցապ ծառայությունում մարտի 22–ին գոյացած հերթին` նա ասել է, որ Արմավիրում այդ օրը բժշկասոցիալական փորձաքննություն է անցել 18 անձ, որոնց թվում եղել են նաև պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներ, ովքեր նախապես ցանկություն չեն հայտնել գործընթացն այլ վայրում կազմակերպելու։

«Թեպետ արվում է ամենը տարածքային կենտրոններում գործընթացն արագ ու սահուն կազմակերպելու համար, բայց ընթացիկ աշխատանքներով պայմանավորված՝ հնարավոր է այդ օրը փորձաքննվող անձինք ստիպված են եղել փոքր-ինչ սպասել», – ասել է խոսնակը։

«Ողջ եմ, ուրեմն հաղթել եմ». 3 վերջույթը կորցրած փոխգնդապետը մարզում է զինհաշմանդամներին

Նշենք, որ Sputnik Արմենիային դիմած զինծառայողին սոցապից չեն տեղեկացրել, որ հնարավոր է տնայց կազմակերպել։ Մանուչարյանն ասաց, որ հատկապես ծանր վիրավորում ստացած զինծառայողների դեպքում նախարարությունը հետամուտ է լինում, որ նրանք իրազեկվեն և խոստացավ խնդիրը փոխանցել համակարգողներին, որպեսզի այն շտկվի։

Պատերազմի ավարտից ավելի քան 4 ամիս անց զինվորական հոսպիտալում դեռ բուժվող զինվորներ կան

Նշենք, որ համաձայն սոցապ նախարարության տվյալների` մինչ այժմ տանը կամ ԲԿ-ում փորձաքննվել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած ավելի քան 200 զինծառայող։