Գորիսում զբոսաշրջությունը ծանր վիճակում է. ի՞նչ է առաջարկում իմքայլական պատգամավորը

Արմեն Խաչատրյանը հայտնեց` շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամի վարկային միջոցներ կան ներգրավված զբոսաշրջության ոլորտում, և վտանգ կա, որ այդ սեփականությունը, հնարավոր է, անցնի բանկերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ահազանգում է` Գորիսում զբոսաշրջությունը ծանր վիճակում է։ Խաչատրյանն այդ մասին հայտնեց ԱԺ քառօրյայի հայտարարությունների ժամին։

Նրա խոսքով` 2018-2020 թթ. տարիներին 7 միլիարդ դրամից ավելի գումարի չափով ներդրում է կատարվել այս ոլորտում, այսինքն` տեսնելով ոլորտի զարգացման հեռանկարները՝ լուրջ ներդրումներ են արվել: Հետո, սակայն, համավարակը սկսվեց, որին էլ հաջորդեց պատերազմը։

Գորիսի ուսուցչի տունը ԿԳՄՍՆ-ն է առաջարկել վաճառքի հանել. ո՞րն է պատճառը

«Պատերազմի ընթացքում հյուրանոցները և հյուրատները գրեթե բոլորը զբաղված էին տեղահանվածների ընդունելությամբ, և այժմ դրանք գտնվում են բավականին ծանր վիճակում։ Շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամի վարկային միջոցներ կան ներգրավված, և վտանգ կա, որ սեփականատերերը խնդիրների առաջ կարող են հայտնվել և այդ սեփականությունը, հնարավոր է անցնի բանկերին»,–ասաց պատգամավորը։

Նա նշեց նաև, որ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովում հարցը քննարկվել է, և նշվել է, որ գուցե կառավարությունը սուբսիդավորում տրամադրի։ Սակայն այս պահին, ըստ Խաչատրյանի, հրատապ միջոցներ պետք է ձեռնարկել։

Պատգամավորը կոչ արեց բոլորին իրենց հանգիստը կազմակերպել Գորիսի հյուրանոցներում` ասելով, որ անվտանգային խնդիրներ չկան, ու Ծաղկաձորի և Դիլիջանի փոխարեն հիմա Սյունիք գնալու կարիք կա։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։

Ի՞նչ անել, որ զբոսաշրջիկների համար Հայաստանը վտանգավոր երկրների ցանկից դուրս գա

Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջարկում է Սյունիքում անվտանգության գոտի ստեղծել։ Նա իր առաջարկությունը ներկայացրել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ մարտի 17-ին կայացած հանդիպման ժամանակ։