Այս տարի ցրտահարության ռիսկերը մի փոքր ավելի մեծ են. Գագիկ Սուրենյան

Մինչև մարտի 25–ը Արարատյան դաշտում տեղի կունենա ծիրանենիների զանգվածային ծաղկում, օդի ջերմաստիճանն էլ կնվազի, բայց մասնագետները վստահեցնում են, որ -1 աստիճանը ծիրանենու վրա մեծ ազդեցություն չի ունենում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Այս տարի գյուղատնտեսական կուլտուրաների ու պտղատու ծառերի համար ցրտահարության ռիսկերը մի փոքր ավելի մեծ են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում ցրտահարություն կլինի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` արդեն նկատվում է, որ ծիրանենիները սկսել են ծաղկել։ Մինչև մարտի 25–ը Արարատյան դաշտում տեղի կունենա ծիրանենիների զանգվածային ծաղկում։

«Այդ պարագայում հնարավոր է` առաջիկա օրերի ցուրտը որոշակի ազդեցություն ունենա ծիրանենիների վրա, բայց առանձնապես մեծ վնասներ չի պատճառի։ Մեր փորձը ցույց է տվել, որ -1 աստիճանը ծիրանենու վրա այդքան էլ մեծ ազդեցություն չի ունենում», – ասաց Սուրենյանը։

Սուրենյանը հիշեցրեց, որ նախորդ տարի եղանակը շատ ավելի կայուն էր, ցուրտ հոսանքների ներթափանցումն ավելի քիչ էր, քան հիմա։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ցրտահարման վտանգի մասին նախապես կտեղեկացնի բնակչությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երեկոյան հերթական հզոր ցիկլոնը կներթափանցի Հայաստան։ Այդ ցիկլոնը մեզ մոտ կգործի մինչև մարտի 25–ը ներառյալ։ Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում` ձյան տեսքով, նախալեռներում և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում (Արագածոտն, Կոտայք) վաղը տեղումները կլինեն բավականին ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, կլինի քամու ուժգնացում`20-25 մ/վ արագությամբ։ Չի բացառվում, որ մարտի 28–ից եղանակի պարզեցում լինի, բայց գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի։ Ըստ կանխատեսումների` Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կմոտենա -1-ից -2–ի։