«Այս գործով տպավորության կարիք այլևս չկա». ՍԴ–ում բուռն քննարկվում է Քոչարյանի դիմումը

Քննարկվում է՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը պետք է հրապարակայի՞ն քննարկեն, թե՞ ոչ։ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նշեց` այս գործը վաղուց դադարել է մեկ հոդվածի սահմանադրականությունը լուծելու հարց լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Սահմանադրական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել

Նշենք, որ ՍԴ-ն պետք է գրավոր կերպով քննի այդ հարցը, սակայն դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց բանավոր ընթացակարգով այն քննել` հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունը։ Այսինքն` խոսքը փակ նիստից բացի անցնելու մասին է։

«Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի իր դիմումների առնչությամբ ստանալ հրապարակային քննություն, ինչպես դա ընձեռնվել է նման գործերով մեր մի շարք այլ քաղաքացիներին»,–ասաց Պետրոսյանը։

Ընդմիջման գնալու որոշման շուրջ բուռն քնարկում սկսվեց։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միացավ Պետրոսյանի միջնորդությանը` ասելով, որ որքան էլ ասեն, թե սա սովորական գործ է, այն վերջին 2 տարիներին դադարել է մեկ հոդվածի սահմանադրականությունը լուծելու հարց լինել։ Թովմասյանը շեշտեց` այս գործի շուրջ ծավալված հասարակական, քաղաքական քննարկումները ՍԴ-ին պարտավորեցնում է, որպեսզի մնա բարձր դիրքում և որևէ կասկած չթողնի հանրության մոտ, որ անաչառ է։

«Հակառակ պարագայում կխորանա այն դիտարկումները, որ ՍԴ շուրջ վերջին 2 տարում փոփոխություններն ունեցել են քաղաքական նպատակներ` սկսած սահմանադրական փոփոխություններից մինչև ՍԴ դատավորների հանդեպ հետապնդումներ։ ՍԴ–ն պարտավոր է ապացուցել, որ դա այդպես չէ, իսկ դա հնարավոր է անել գործի` հանրային քննարկմամբ»,–ասաց Թովմասյանը։

Նա հորդորեց հրապարակայնորեն քննարկել գործում առկա բոլոր փաստաթղթերը։

Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետը դիմել է Սահմանադրական դատարան. «Հրապարակ»

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ առաջարկեց 10 րոպեով ընդմիջել նիստը և խորհրդակցական սենյակում որոշում կայացնել, սակայն ինչպես Արևիկ Պետրոսյանը, այնպես էլ Հրայր Թովմասյանը հայտնեցին, որ որոշումը խորհրդակական սենյակում չէ, որ պետք է կայացվի, այլ ըստ օրենքի` հենց ՍԴ դահլիճում պետք է այդ մասին որոշեն։

«Անաչառ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ընդմիջման ժամանակ պետք է գործընկերների հետ հարցի քննության` կողմ կամ դեմ քվեարկելու հարց բարձրացվի։ Ինչո՞ւ ենք նման տպավարություն ստեղծում. այս գործով որքան տպավորություն ստեղծվել է` բավարար է, այլևս դրա կարիքը չկա»,–ասաց Թովմասյանը։

ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը և Երվանդ Խունդկարյանը նշեցին, որ կողմ են գործի` գրավոր քննարկմանը։

Հավելենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը 2008-ի մարտի 1-ին չկար։ Այն որպես լրացում ավելացվել է 2009-ի մարտին։